22 սեպտեմբերի 2005 - 10:05 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կբացվի Կալիֆորնիայի տարածաշրջանային առեւտրի կենտրոն` Միջազգային առեւտրի վարչության Կալիֆորնիայի Ձեռներցության, շինարարության եւ տրանսպորտի դեպարտամենտի հովանավորությամբ: Այդ մասին հայտարարել է Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Ջեկ Սքոթը: Կենտրոնը իր գործունեությունը կծավալի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Վրաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Ըստ սենատորի, դեռեւս 2001 թվականին Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ ստորագրվել էր Փոխըմբռնման հուշագիր: Նա նաեւ նշել է, որ Կալիֆորնիան իր փորձը կկիսի IT-տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բիոտեխնիկայի, ոլորտներում, իսկ Հայաստանը կկարողանա գյուղմթերք արտահանել: Կալիֆորնիայում բնակվում են շուրջ 500 հազար հայեր: «Կալիֆորնիայի հայերը նվիրված են իրենց հայրենիքին եւ անում են ամեն ինչ, նրան օգնելու համար»,-նշել է Ջեկ Սքոթը: Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը տեղեկացրել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ կազմում է շուրջ 60-70 մլն դոլար, որի մեծ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիային, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: