22 փետրվարի 2013 - 11:54 AMT
Թեև քաղաքապետարանը չի արտոնել, Ր. Հովհաննիսյանը փետրվարի 23-25-ը խաղաղ հանրահավաք կանցկացնի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթ, կիրակի և երկուշաբթի կանցկացնի խաղաղ հանրահավաք, թեև քաղաքապետարանը չի արտոնել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե ինչպես են կազմակերպելու հանրահավաքները, եթե թույլտվություն չկա, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք դա կանեն հղում անելով երեք օրենսդրական ակտերի: «Մեր օրենքը բաց ունի, բայց սահմանադրությունը մեզ պոզիտիվ հնարավորություն է տալիս, որ կարող ենք խաղաղ, առանց բռնությունների հանրահավաք իրականացնել: Սա ինքնաբուխ չէ, հրատապ էլ չէ: Այդ հոդվածը պոզիտիվ իրավունք է տալիս, դա գերակա է: Բացի այդ, մենք միացել ենք տարբեր կոնվենցիաների, որտեղ նշվում է, որ քաղաքացին կարող է խաղաղ հանրահավաք անցկացնել: Եվրախորհրդի կոնվենցիան էլ կա, որ չպետք է խոչընդոտվի խաղաղ հանրահավաքը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանը չի արտոնել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ շաբաթ, կիրակի և երկուշաբթի անցկացվելիք հանրահավաքները: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Երևանի քաղաքապետարանին փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը ներկայացրել է փետրվարի 20-ին: «Առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, դիմումները հետ են վերադարձվել, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։