22 փետրվարի 2013 - 14:50 AMT
Սարգսյան-Հովհաննիսյան խոսակցության ևս մեկ սցենար. Րաֆֆի Հովհաննիսյանը` Սփյուռքի նախարա՞ր

Երեկ կայացած Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից անցել է մեկ օր: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը չներկայացրեց հանդիպման մանրամասները: «Ժառանգության» առաջնորդը որոշեց, որ կխոսի այսօր ժամը 17:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: Մինչ նա պատրաստվում է այսօրվա ելույթին, լրատվական-վերլուծական շրջանակները քննարկել են խոսակցության բազմաթիվ սցենարներ: Գերակշռող է այն տարբերակը, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով մոտ 58 տոկոս ձայն ստացած Սերժ Սարգսյանը 37 տոկոս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ-որ պաշտոն է առաջարկել: Ըստ շրջանառվող տեսակետներից մեկի էլ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է Սփյուռքի նախարարի պաշտոնը. վերջինս նույնպես սփյուռքից է, հայրենադարձված և կկարողանա պահպանել ու զարգացնել Հայաստան-Սփյուռք կապը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները իրենց առաջնորդի նման հորդորում են սպասել մինչև ժամը 17:00-ն: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում հետաքրքիր լուծումներ են լինելու: