22 փետրվարի 2013 - 15:47 AMT
Հ. Մեսրոբյան. Մենաշնորհային տնտեսությունը չի կարող գրավիչ լինել օտարերկրյա ներդրողի համար

Անկասկած, հետընտրական իրավիճակը Հայաստանում անդրադառնում է ներդրողների վարքագծի վրա, սակայն որոշ ժամանակ անց կյանքը կրկին իր հունի մեջ է մտնում: Նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, 2012թ. օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 350 մլն դոլար կամ ՀՆԱ մոտ 3 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է, քանի որ Եվրոպայի երկրներում այն հասնում է ՀՆԱ 30 տոկոսի: «Նման ցածր ցուցանիշը իշխանության վարած քաղաքականության արդյունք է»,-ասել է նա: Փորձագետը հույս է հայտնել, որ արդյունաբերության զարգացմանն ուղղված կառավարության որդեգրած քաղաքականությունը կշտկի իրավիճակը:

Տնտեսության մեջ, որտեղ կան օլիգոպոլիաներ ու մենաշնորհներ, և առավել ևս, եթե դրանք մոտ են իշխանություններին, ներդրումներ լինել չեն կարող, վստահ է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա, ավելին, նման տնտեսության մեջ չի կարող տնտեսական բնույթի գնաճ լինել: Որպես օրինակ նա բերել է շաքարի գները, որի գնային տատանումները համաշխարհային շուկայում չեն համապատասխանում հայկական շուկայի իրողություններին: Նա նշել է նաև, որ ընտրություններից հետո Հայաստանի սննդամթերքի շուկայկում ավանդական գնաճ կարձանագրվի:

Իր հերթին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ երկրում հակամենաշնորհային պայքարը դեռևս թույլ է, չնայած, որ որոշ առաջընթաց կա ՀՏՄՊՊՀ աշխատանքում: Նա լավատեսորեն նշել է, որ եթե վերընտրված իշխանությունն իրականացնի իր քաղաքականությունը, ապա Հայաստանի տնտեսության մեջ առաջխաղացում կլինի: