22 փետրվարի 2013 - 15:04 AMT
Դեյվիդ Լիդինգթոն. Այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում

Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում:

Դեյվիդ Լիդինգթոնը նշել է.

«Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը»

«Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաև քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը և քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին»

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում, հայտնել են Հայաստանում ՄԹ դեսպանությունից: