Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի առաջնությունից գոհ է:
«Մենք խնդիր ունեինք` ընդլայնվել: Շատ ուրախ եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Այս առաջնությանը մասնակցում էր ավելի քան 33 ծանրորդուհի, սա գրեթե կրկնակի շատ է, քան նախորդ տարիներին: Ընդլայնվել է նաև մասնակիցների աշխարհագրությունը, մասնակիցներ ունեինք նաև Արարատից, Սևանից, Հրազդանից, Վանաձորից»,- ասաց Ներսիսյանը:
Մարզիչն ընդգծեց, որ այս տարի ծանրորդուհիները մասնակցելու են տարբեր ստուգատեսների, իսկ արդեն հաջորդ տարվանից նրանք ավելի ընդլայնված կազմով ելույթ կունենան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, վերջինս կլինի վարկանշային: «Այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունն ու պատանիների աշխարհի առաջնությունը համընկնում են: Մենք արդեն մարտի սկզբին կսկսենք նախապատրաստվել այս երկու մրցաշարերին: Երկու հավաք կունենանք Երևանում և ապրիլի կմասնակցենք մրցաշարերին»,- հավելեց մարզիչը:
Նա ընդգծեց, որ ԵԱ ելույթ կունենա միայն Մելինե Դալուզյանը, իսկ պատանիների կազմը հայտնի կդառնա ավելի ուշ: