25 փետրվարի 2013 - 16:22 AMT
ՀԴԿ-ն շնորհավորում է Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով անհապաղ գործողություններ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Կուսակցության Հանրապետական խորհրդի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով:

Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից: Մեկ անգամ ևս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում և մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում, ակնկալելով անհապաղ գործողություններ: Մաղթում ենք Ձեզ առողջություն, քաղաքական կամք»: