25 փետրվարի 2013 - 17:09 AMT
Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայում

Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգևոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ և հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշատակի երթ դեպի Փարիզի Երևանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միաժամանակ զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում: