27 սեպտեմբերի 2005 - 09:25 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ
«Սկսած 1994 թվականից, մենք անընդմեջ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եղել են պահեր, երբ մենք մոտ ենք եղել խնդրի լուծմանը, սակայն ինչ որ բան այնպես չի ընթացել եւ բացասաբար է անդրադարձել բանակցային գործընթացի վրա»,- Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է բանակցային գործընթացի ակտիվացումը եւ ավելացրել, որ որոշակի հույս կա խնդրի լուծման ուղղությամբ: Իր հերթին, Ֆինլանդիայի ղեկավարը հայտարարել է, որ եթե կողմերը համաձայնության գան, ապա հակամարտության տարածաշրջանում հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում: Տարյա Հալոնենը նշել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման համար միջազգային հանրության կողմից կատարվելիք աշխատանքի մեծ ծավալը: Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին` Ռ.Քոչարյանը հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի նախագահի այցը երկկողմ համագործակցության զարգացման խթան կդառնա: «Մեր հարաբերությունները կարող են զարգանալ Եվրամիության համատեքստում, եւ հույս ունեմ, Ֆինլանդիան օժանդակություն կցուցաբերի Հայաստանի եւ ԵՄ համագործակցությանզարգացման հարցում, հատկապես` հաշվի առնելով այն փաստը, որ հաջորդ տարի Ֆինլանդիան կնախագահի Եվրամիությունում»,- եզրափակել է նա: