27 սեպտեմբերի 2005 - 09:48 AMT
Տ. ՀԱԼՈՆԵՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՈՐԴԵԳՐԵԼ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «մեծ աշխատանք են տարել Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ»: Այս մասին նա հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի 2006 թվականի երկրորդ կեսին, երբ Ֆինլանդիան կզբաղեցնի ԵՄ նախագահողի պաշտոնը: «Հայաստանը շատ լուրջ մոտեցում է որդեգրել եվրոպական ինտեգրման հարցում», - նշել է նա: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ կողմերը մինչեւ տարեվերջ կհամաձայնեցնեն Գործողությունների ծրագիրը: ՀՀ ղեկավարը նշել է, որ «այդ գործընթացը փոքր-ինչ ձգձգվում է, սակայն դա մեր մեղքը չէ»: Ռ.Քոչարյանի խոսքերով` Գործողությունների ծրագիրը ենթադրում է բարեփոխումների շարունակություն բոլոր ուղղություններով, եւ «Երեւանն ակնկալում է, որ ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Ֆինլանդիան իր վրա կվերցնի 2-3 ուղղություններ, որոնցում այդ երկիրն ավանդապես ուժեղ է»: Հայաստանի եւ Ֆինլանդիայի նախագահները նշել են նաեւ, որ Երեւանում անցկացված բանակցությունների ընթացքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը եւ ղարաբաղյան կարգավորման ընթացքը: Տարյա Հալոնենը հայտնել է, որ հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին պաշտոնական այց կատարել Ֆինլանդիա: