26 փետրվարի 2013 - 10:40 AMT
Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին. Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, թշնամիներ են

System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին, որտեղ շնորհավորում է նրան վերընտրվելու կապակցությամբ և ասում, որ տանել չի կարողանում անարդարությունը: Թանգյանը հորդորում է ժողովրդին վերադարձնել նրա իշխանությունը: Աշխարհահռչակ ռոք երգչի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե, ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա՝ անկախ ԵԱՀԿ զեկույցից՝ գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ: Բավականին ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք, Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք՝ Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նա ինքնուրույն կատարեր այդ ընտրությունը: Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի գլխավոր մարզպետ կամ դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել, և օլիգարխների խավիարը վերջացել է, և նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչևիցե, ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահն եք: Դա ի՞նչ է նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում Հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում՝ չնայած հիասթափեցրել է բոլորիս: Տարիներ առաջ ես արշավ սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց:

Նրանք, ովքեր գողանում են ընտրություններն իմ ժողովրդից, ներքին թշնամիներ են և պետք է պատժվեն: Պետք է Ձեր պարտքը լինի դա ի կատար ածել, եթե նույնիսկ որոնց համար դա կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը՝ լինելով այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ՝ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն: Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Ինչպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք: Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որևէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր: Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացրեք մեզ, Սերժ: Ոգևորեք մեզ: Խնդրում եմ, ընդունեք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար

Խաղաղություն,

Սերժ Թանգյան»: