WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել մենամարտին նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի հետ: Հանդիպումը կայանալու է մարտի 23-ին Մագդեբուրգում, հայտնում է բռնցքամարտիկի պաշտոնական կայքը:
Վերջին երկու շաբաթներին նա մարզվում էր Բեռլինում: Երեկ Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մեկնել է Ուզեդոմ կղզի Բալթիկ ծովի ափին, որտեղ կնախապատրաստվի մենամարտին:
«Ինձ համար մենամարտը կարևոր է առաջին հերթին տիտղոսի պաշտպանության առումով: Ես հասկանում եմ, որ Շտիգլիցն ամեն ինչ կանի հաղթելու համար»,-ասել է հայ բռնցքամարտիկը:
Օգոստոսին Աբրահամն ու Շտիգլիցը մենամարտեցին Բեռլինում, որից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ՝ նվաճելով WBО գոտին: