Հայաստանում գործող շուրջ 20 Հասարակական կազմակերպություններ իշխանություններից պահանջում են հրապարակել ստորագրված ընտրացուցակները: ՀԿ-ները հայտարարություն են տարածել կապված Հայաստանի Հանրապետության 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում` իշխանությունների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահությունն արտահայտելու առումով:
Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական ողջ գործընթացը թե նախընտրական և թե քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ: Ընտրական հանձնաժողովների անդամներն ուղղակիորեն մասնակից են դարձվել ընտրակեղծարարության գործընթացին, իսկ իրավապահ մարմինները դրսևորել են բացարձակ անգործություն կանխարգելելու և վերացնելու խախտումները: Մինչդեռ, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրախախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ինչի մասին են վկայում հենց պաշտոնական տվյալների վերլուծությունները, այդ թվում` դիտարկված և չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների համեմատությունները:
Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը` պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմությունը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են` իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով»: