26 փետրվարի 2013 - 20:35 AMT
ԱԺ-ն քննարկեց «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան վավերացնելու հարցը

Այսօր Հայաստանի խորհրդարանի պատգամավորները քննարկեցին ՀՀ նախագահի կողմից ներկայացված «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան և կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցը:

1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված կոնվենցիան ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ով նշեց, որ ներկայում նրան միացել է շուրջ 50 պետություն, ՀՀ հարևան պետություններից անդամ չէ միայն Ադրբեջանը: Կոնվենցիայի նպատակն է անդամ-պետությունների տարածքներում ապահովել երկաթուղային ճանապարհներով, ջրային ուղիներով, նաև այլ տրանսպորտային միջոցներով իրականացվող տարանցիկ փոխադրումների ազատությունը: Հրանտ Բեգլարյանի խոսքով՝ կոնվենցիայով սահմանվում է ազատ տարանցման իրավունքը, կարգավորվում են տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառվող սակագների և մի շարք այլ հարցեր: Արդյունքում, ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը, կաճի Հայաստանի Հանրապետության՝ որպես տարանցիկ պետության գրավչությունն անդամ պետությունների փոխադրողների համար՝ նպաստելով երկրի տարանցիկ ունակությունների բարձրացմանը:

Հարցի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը: Նա նկատեց, որ կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է ակնկալել տարանցիկ փոխադրումների իրականացում կոնվենցիայի անդամ հանդիսացող պետությունների տարածքով, ինչպես նաև արտահանման ծավալների մեծացում: