27 փետրվարի 2013 - 17:10 AMT
Հրաչյա Ռոստոմյան. Մեր երկրում կարևոր է զարգացնել սպորտային բժշկությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրվել է քննարկում, որը նվիրված էր սպորտային բժշկության հիմանախնդիրներին: Քննարկմանը ներկա են եղել նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ներկայացուցիչներ Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնից և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի սպորտային բժշկության ամբիոնից:

Նրանք անդրադարձել են մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատման մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հետտրավմատիկ վերականգնողական միջոցառումների անհրաժեշտության և մարզիկների ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական վիճակի պահպանման հարցերին:

«Միայն մարզիկների և մարզիչների ջանքերով դժվար է մարզական լավ արդյունքներ գրանցել, հետևաբար կարևոր է սպորտային բժշկության և սպորտային հոգեբանության զարգացումը մեր հանրապետությունում»,- ասել է Ռոստոմյանը:

Նրա կարծիքով, միմիայն համակարգված աշխատանքների շնորհիվ է հնարավոր լուծել սպորտային բժշկության առջև ծառացած խնդիրները: