27 փետրվարի 2013 - 17:19 AMT
Վարչապետ. Չենք հանդուրժելու, որ քրեական էլեմենտները ինչ-ինչ մասնակցություն ունենան հավաքներին

Հավաքների մասին օրենքի 32 հոդվածում հստակ ասվում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանները պետք է աջակցեն: Բայց ոստիկանությունը հայտարարում է, որ վերջին հանրահավաքները օրինական չեն և հորդորում է ցրվել: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կիսահանցագործ դեմքերը սկսել են ակտիվանալ, նախկին ոստիկանապետը ՀԱԿ ակտիվիստների հավաքների ժամանակ խոստովանեց, որ այդ մադիկ ոստիկանության աշխատակիցներ են: Նրանք ներկայանում են հավաքներին սադրանքներ, բռնություններ հրահրելու համար: Ոստիկանները պատասխանատվություն կրու՞մ են դրա համար, թե՝ ոչ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրան պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և նշեց, որ ոստիկանության աշխատանքներում լրջագույն փոփոխություններ են եղել: «Միտինգավորներն էլ են ասում, որ ոստիկաններն աշխատում են, որ միտինգներն ընթանան խաղաղ: Եթե կոնկրետ դեպքեր են եղել, պատրաստ ենք քննարկել: Չենք հանդուրժելու, որ քրեական էլեմենտները ինչ-ինչ մասնակցություն ունենան հավաքներում»,- ասաց վարչապետը: