27 փետրվարի 2013 - 17:58 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրվող ապարդյուն ջանքերի մասին հարցին, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները: Մերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման»։

«Նրանք պատրանք ունեն, որ նավթից և գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչ ՝ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ։ Ինչու մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել։ Որովհետև միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայում խթանելու քաղաքակրթությունների միջև երկխոսությունը, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը։ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես դա պատահեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագայում, սպառնում են ականջ կտրել»,-ասել է Նալբանդյանը: