27 փետրվարի 2013 - 18:10 AMT
Է. Նալբանդյան. Հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի այլ երկրներ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Գործակալության խնդրանքով նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը: Նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է. Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջև՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի հարգման խնդիր է։Այն հարցին ի պատասխան թե արդյոք Հայաստանը հիասթափված է այն իրողությունից, որ Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մենք հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն»։