29 սեպտեմբերի 2005 - 10:50 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Արա Աբրահամյանը ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության 5-ամյա գործունեությունը, խոսել է Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին: Ներկայացվել են նաեւ կազմակերպության կողմից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների միության, կրթական եւ մշակութային բազմաթիվ օջախների հետ համատեղ իրականացված ծրագրերը: Ա. Աբրահամյանը ՀՀ ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է, որ Հայաստանում իրագործվելիք ծրագրերը համակերգելու նպատակով մտադիր է մասնաճյուղ հիմնել նաեւ Երեւանում: Իր հերթին, Վ.Օսկանյանը նշել է սփյուռքի հայկական կազմակերպությունների համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ հաջորդ տարի կազմակերպվելիք Հայաստան-Սփյուռք համաժողովում Արա Աբրահամյանի կողմից գլխավորվող կառույցների ակտիվ մասնակցությանը: Ա.Աբրահամյանի խնդրանքով` Վ. Օսկանյանը համառոտ խոսել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումների մասին: