29 սեպտեմբերի 2005 - 12:52 AMT
ԲԱՔՎԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ-Ի ՀԵՏ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեին , ով հերթական աշխատանքային այցով ժամանել է Հայաստան` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քննարկումն ընթացավ հիմնականում չորս ուղղությամբ. Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացք, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ եւ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ: Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ ծրագրի շրջանակներում Ադրբեջանի հետ ԵՄ ունեցած տարաձայնությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան Հայաստանի առաջընթացի համար: Վ. Օսկանյանը եւ Հ. Տալվիտիեն մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Կողմերը անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարներին երկկողմ մակարդակով, ինչպես նաեւ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո: Վ. Օսկանյանը եւ Հ. Տալվիտիեն կարեւորեցին Հայաստանում սահմանադրական փոփոխությունները` դրանք գնահատելով որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման լավ հնարավորություն: