1 մարտի 2013 - 13:48 AMT
Եվս 20.000 եվրո՝ սիրիահայերին օգնելու համար

Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ, ջանադրաբար օգնության է հասնում նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ: Բացի այդ` «Առաքելություն Հայաստան»-ի աշխատակիցները հեշտացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ: Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը` Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվող մարդասիրական օգնության նպատակով տրամադրելով 20.000 եվրո: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն այսօր Գերմանիայի դեսպանությունում ստորագրեցին սիրիահայերին աջակցության մասին պայմանագիրը: