1 մարտի 2013 - 15:07 AMT
ՀՀ կդիմի ՄԱԿ Ռասսայական խտրականության վերացման կոմիտե` Ադրբեջանի դեմ, նաև Սաֆարովի գործով

ՀՀ Արդարադատության նախարարությունում դիմում է նախապատրաստվում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտե` Ադրբեջանի ակնհայտ հակահայկական քարոզրության և խտրականության դեմ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատութայն նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ու նշեց. «Դիմումում նշված են ինչպես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և ներում շնորհելու դեպքը, այնպես էլ այն բոլոր միջադեպերն ու իրավիճակները, որտեղ ադրբեջանցիների կողմից առկա է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք ու ատելության քարոզչություն»:

ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեն ստեղծվել է 1965թ. Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վեցացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: ՀՀ Արդարադատության նախարարության դիմումը կոմիտեին է ներկայացվելու այդ կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմքով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի արտահայտություն էր 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան և նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: