Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Ջաղինյանին և Աստղիկ Ավետիսյանին:
Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը ծնվել է 1969 թվականին Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1991 թվականից «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: