1 մարտի 2013 - 19:35 AMT
Թբիլիսիի Ս.Էջմիածին եկեղեցում Ադրբեջանի էթնիկ զտումների զոհերի հոգեհանգստի պատարագ է մատուցվել

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի է ունեցել սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, ինչպես նաև ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվել է Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:

Սրբազան հայրն իր քարոզում հատուկ անդրադարձ է կատարել քառորդ դար առաջ Սումգայիթում և այլ բնակավայրերում հայազգի բնակչության հանդեպ կատարված ոճրագործությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների և հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որին բացման խոսքով հանդես է եկել դեսպան Հ.Մանուկյանը:

Նա խոսել է նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետևանքների մասին: Այնուհետև Արցախի պատմության և նրա ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի վերաբերյալ պատմական և փաստավավերագրական դասախոսությամբ հանդես է եկել պատմաբան Կարեն Հովհաննիսյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են նաև հատվածներ սումգայիթյան, ինչպես նաև Բաքվի և Մարաղայի իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերից: Երեկոյի ավարտին գնահատանքի և օրհնության խոսքով հանդես է եկել Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: