30 սեպտեմբերի 2005 - 12:59 AMT
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ ուսուցիչներին մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ա.Մարգարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Գեղեցիկ ավանդույթ դարձած, այսօր նաեւ պետականորեն նշվող այս տոնը առիթ է մեկ անգամ եւս գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ, որոնց դուք, անկասկած, արժանի եք ամենօրյա ձեր տքնաջան ու անձնվեր աշխատանքով: Մատաղ սերնդի` հանրապետության ապագա քաղաքացիների կրթության, բարոյական ու քաղաքացիական ճշմարիտ արժեքների ոգով դաստիարակության գործը հայրենանվեր առաքելություն է, որ, չնայած բոլոր դժվարություններին, իրականացնում եք սիրով ու համբերատարությամբ: Կրթական ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում եւ ամեն տարի դրանց լուծմանն ուղղված թեկուզեւ ոչ մեծ, բայց իրական քայլերը` կրթական համակարգի բարեփոխումից, դպրոցների հիմնանորոգումից, ուսուցչի մասնագիտության նկատմամբ համընդհանուր ուշադրության եւ հոգածության մթնոլորտի ձեւավորումից մինչեւ համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, կարծում եմ, նկատելի են եւ այսուհետ էլ հետեւողականորեն շարունակվելու են: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ` մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ձեզ առողջություն, երկար տարիների ստեղծագործ աշխատանք եւ բազում հաջողություններ»: