30 սեպտեմբերի 2005 - 23:41 AMT
Ջ.Բուքիքիո. Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում կանցկացվեն էվոլյուցիոն զարգացման ճանապարհով
ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջողման դեպքում երկիրը ոչ միայն ժողովրդավարական զարգացում կապրի, այլեւ հիմք կհանդիսանա Հայաստանում նոր ներդրումներ կատարելու համար: Այս մասին ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասաց այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած կլոր սեղանի շուրջ, որը նվիրված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վասիլի Զոտկինը, Լատվիայի ՍԴ-ի նախագահը, Չեխիայի ՍԴ ներկայացուցիչները եւ այլք: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Ջ.Բուքիքիոի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է այն աշխատանքը, որն արվել է 5 տարիների ընթացքում, իսկ արդեն հանրաքվեի համար կարեւորվել է քարոզչության փուլը: «Հայ ժողովուրդը ընդունակ է կատարել այս փոփոխությունները, քանի որ այն, ինչ կա այսօր, խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը: Ես վստահ եմ, որ դա կլինի ոչ թե հեղափոխական փոփոխությունների, այլ էվոլուցիոն զարգացման ճանապարհով»,- ասաց ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն, հաղորդում է «Երկիր» թերթը: