Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներն իրականացրած անձն ազգությամբ հայ է: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Մասնավորապես Hurriyet Daily News-ի փոխանցմամբ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ձերբակալել է մի տղամարդու` 40-ամյա Մուրադ Ն.-ին/ այլ պարբերականներ նշում են նաև ամբողջ ազգանունը` Նազարյան/: Ձերբակալվածը հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի է, ապրում է միայնակ ու հարձակումները կատարել է ենթադրաբար գողության նպատակով: Այլ մանրամասներ չեն նշվում: Պաշտոնական հայտարարություններ դեռ չկան:
Նշվում է նաև, որ բացի հայուհիների վրա հարձակումներից, տղամարդը կասկածվում է նաև թուրք կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի և հունվար ամիսներին Ստամբուլի Սամաթյա թաղամասում, որտեղ շատ են հայ համայնքի ներկայացուցիչները հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքը. նրա որդու խոսքերով` մոր մարմնին արյունով խաչ էր պատկերված, հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը: