5 մարտի 2013 - 10:56 AMT
Արարատ Զուրաբյանը Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. «Ժառանգությունը» նման հարց չի քննարկել

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցեր դեռ չի քննարկել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցությունում հակված են, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորի ՀՀՇ վարչության նախկին նախագահ, Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։

Հովսեփ Խուրշուրդյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը և հայտարարեց, որ նման քննարկում չի եղել:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները: Հանրապետականի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՕԵԿ-ինը` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: