5 մարտի 2013 - 17:28 AMT
Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» համար իրատեսական է Ռուսաստանի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցնելը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ մարզումների ժամանակ միշտ էլ ցանկություն կա գեղեցիկ խաղալու ու գոլեր խփելու: «Երբ դա ստացվում է ստուգողական խաղում, անկասկած, տրամադրությունը բարձրանում է, դիտարժան գոլերի հետ մեկտեղ վստահություն է առաջանում, որ ամեն ինչ նույնքան լավ կանես նաև պատասխանատու խաղի ժամանակ»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է sports.ru-ն:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եթե գոլ խփի իր նախկին ակումբին՝ «Կրասնոդարին», չի տոնի այդ գոլը: Ըստ Մովսիսյանի, «Սպարտակի» համար բավական իրատեսական է Ռուսաստանի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցնելը:

«Ճիշտն ասած, ես շատ ուրախ էի՝ բացահայտելով Վալերի Կարպինի մասնագիտական, մարզչական ու մարդկային որակները: Մեր թիմը շատ լավ է խաղում, կոմպակտ, կարգապահ, և դա միայն օգուտ է բերում դաշտում: Դա բացառապես նրա աշխատանքն է ու նրա ավանդը»,-ասել է հարձակվողը: