5 մարտի 2013 - 20:17 AMT
Տիգրան Ուրիխանյանի և Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նորից հետաձգվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և բլոգեր Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչի բացակայությունն էր վատառողջ լինելու պատճառով:

Էդգար Բարսեղյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում դատավորը ոչ պաշտոնապես, զուտ մարդկային առումով պարբերաբար իրենց հաշտվելու կոչեր է արել: «Դատավորը որպես մարդ է նման խորհուրդ տալիսմ, ես ասեցի, որ պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ, իրենք էլ ասել, որ պատրաստ են: Ամեն դեպքում չգիտեմ` որքանով է դա իրատեսական»,- ասաց բլոգերը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը պահանջում է, որ վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար Էդգար Բարսեղյանը հրապարակային ներողություն խնդրի և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձվի: