5 մարտի 2013 - 21:11 AMT
Ստեղծված իրավիճակի լուծումը. ԱԺ նախագահի առաջարկն ու «Ժառանգության» պատասխանը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը հերթական ձևական քայլն է, կարծում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները:

«Հերթական անգամ կքննարկեն ու այդպես էլ կմնան: 2008-ին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ կազմակերպեցին, ընդունեցին, որ ցուցակները պետք է հրապարակվեն, բայց որևէ կետ հետագայում կյանքի չկոչվեց: Իրենք որևէ քայլ չեն կատարելու, իսկ արտմատական փոփոխությունների համար լուրջ երաշխիքներ են պետք: Միայն դրանից հետո կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ գլխավորել ինչ-որ հանձնաժողով, որի աշխատանքները 20 հատոր պիտի կազմեն և մնան դարակներում, իմաստ չունի: «Հարցը համապետական լուծում է պահանջում»,- եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը: