6 մարտի 2013 - 18:37 AMT
Ոստիկանություն. Գոյություն չունեցող տներում հաշվառումներ չեն իրականացվել

Ըստ մամուլում հրապարակված «Փաստացի բնակվում են փլատակներում» վերնագրով հոդվածի՝ Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից սպասարկվող Վերին Շորժա համայնքի գոյություն չունեցող տներում փաստացի հիմունքներով հաշվառվել են անձինք:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հրապարակման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թ. հունվարի 11-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում հաշվառվել են 33 քաղաքացիներ: Թվով 12 քաղաքացիներ հաշվառվել են փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Բոլոր հաշվառումներն իրականացվել են ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման պահանջների պահպանմամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ գոյություն չունեցող տներում հաշվառումներ չեն իրականացվել, ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ: