6 հոկտեմբերի 2005 - 13:41 AMT
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահը
Հոկտեմբերի 6-8 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ամուսնու` Իմանտս Ֆրեյբերգսի հետ: Այցը տեղի կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցին էին հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, լատվիական պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները եւ այլ պաշտոնատար անձինք եւ շուրջ 50 գործարարներ: Այցի հիմնական նպատակն է միջպետական կապերի զարգացումը, համագործակցության խորացումը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության գերակա ուղղությունների որոշումը: Պետությունների ղեկավարները կքննակեն ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տարածաշրջանային նշնակության հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ակտուալ միջազգային խնդիրների շուրջ: Նշենք, որ 2005 թվականի ապրիլին Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ընդգրկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ձեւավորած համաշխարհային առաջնորդների խմբում, որոնք, որպես կազմակերպության գլխավոր քարտուղրաի պատվիրակներ պետք է աջակցեն ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով: Այնուհետեւ տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները կստորագրեն համատեղ հռչակագիր, պայմանագրեր կստորագրվեն կառավարությունների միջեւ ներդրումների խթանման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի ոլորտում համագործակցության մասին: Պաշտոնական այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական գործարար համաժողովի փակումը: Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Բացի այդ, Լատվիայի նախագահը կհանդիպի Երեւանի պետական համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի հետ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Վայրա Վիկե-Ֆրեյբերգան կայցելի Էջմիածնի Գանձարան: Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Երեւանի կոնյակի գործարան, Մարտիրոս Սարյանի պուրակը: Հոկտեմբերի 8-ին Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: