
Դատավարությունում որպես երրորդ կողմ ներգրավված է Հայաստանը, քանի որ կա ինֆորմացիա, որին տիրապետում է պետությունը և կարող է դատարանին տրամադրել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանույշ Սահակյանն այսօր ասուլիսի ժամանակ նշել է նաև, որ պետք չէ թերագնահատել այս գործով Հայաստան պետության գործողությունները: «Միջազգային հանրությունն է շատ սուր արձագանքել Սաֆարովի ներմանը. ընկալվել է այնպես, որ ներում շնորհելով, Ադրբեջանի նախագահը ազդակ է ուղարկում ադրբեջանցիներին, թե հային սպանելը ողջունելի է ու խրախուսելի»,- ասել է նա:
Դատարանում բարձրացված հիմնական նյութերում նշված է, որ սպանությունը պայմանավորված է եղել բացառապես էթնիկ հիմքով: Փաստաբանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի անդամները հրաժարվել են որևէ նյութական փոխհատուցումից, քանի որ հարցը այլ հարթությունում է:
«Միաժամանակ ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ը հատուկ միջոց կիրառի, որ հետագայում հանցագործը տեղափոխվի 3-րդ պետություն, որտեղ կիրականացվի պատժի կատարումը, քանի որ Ադրբեջանում նրա մնալու դեպքում պատժի կատարումը անիրատեսական է»,- ասել է Սիրանույշ Սահակյանը:
Փաստաբանը նաև հույս հայտնեց, որ Եվրոպական դատարանի գնահատականները կլինեն սուր, հստակ և նպատակային, գործը որպես առաջնային կդիտարկվի ու կընդունվի վարույթ:Այնուամենայինիվ, որքան էլ առաջնահերթություն գործին տրվի, գործընթացը նվազագույնը կտևի 6-12 ամիս: