
Մարտի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելեց Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան՝ վերջինիս հրավերով դասախոսություն կարդալու նպատակով:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համալսարանում դեսպան Եսայանը հանդիպում ունեցավ ԲՈւՀ-ի միջազգային գործունեության գծով պրոռեկտոր Գ.Կրասնովայի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրեց համալսարանի առօրյան, ինչպես նաև ընթացիկ և ապագա ծրագրերը: Նա տեղեկացրեց նաև, որ նշված ԲՈւՀ-ում սովորում են 146 երկրներից ժամանած մոտ 6500 ուսանող, որից 115-ը` Հայաստանից են: Նշվեց նաև, որ համալսարանը միջբուհական համաձայնագրեր ունի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ, իսկ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակներում համագործակցում է Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև Երևանի պետական լեզվաբանական և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանների հետ:
Հանդիպմանը հաջորդեց ՀՀ դեսպանի դասախոսությունը ԲՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին և դրանց տնտեսական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Դասախոսության ընթացքում դեսպան Եսայանն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրին: Դասախոսության ավարտին ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Դեսպան Եսայանը կարճ հարցազրույց տվեց նաև համալսարանի լրատվական ծառայությանը, իսկ այնուհետև առանձին հանդիպում ունեցավ ԲՈւՀ-ի հայ ուսանողների հետ: