6 հոկտեմբերի 2005 - 14:43 AMT
Երեւանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարը
«Այսօր Հարավային Կովկասում կան բազում տարբեր խնդիրներ, եւ մենք պետք է մեր մեջ ուժ եւ համարձակություն գտնենք, նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ միասին քննարկենք ու գտնենք այդ խնդիրների արդյունավետ որոշումները: Եվ այդ ուղու վրա շատ կարեւոր դեր կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը եւ միջազգային կազմակերպությունները»,-հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը` հանդես գալով այսօր Երեւանում մեկնարկած ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարին: Հայաստանի խորհրդարանի խոսնակը համոզվածություն է հայտնել, որ այդ սեմինարի արդյունքում կարվեն արդյունավետ եզրակացություններ` ուղղված հարավկովկասյան տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը: «Իմ կարծիքով, ժողովրդավարությունը մեր տարածաշրջանում քաղաքական մարտահրավերներին դիմակայելու ամենակարճ եւ ամենաարդյունավետ ճանապարհն է: Կարծում եմ, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP) կարեւոր նշանակություն ունի»,-նշել է Ա.Բաղդասարյանը: Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ ժողովրդավարական բարեփոխումների եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության խորացումը, հետեւողական ինտեգրումը եվրոպական կառույցներին` այդ ամենը պետք է լինի մեր տարածաշրջանի ապագան: «Այդ պատճառով շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հասնել լավ հարաբերությունների հարեւան երկրների հետ, քանի որ Հարավային Կովկասը կարող է դառնալ միասնական տնտեսական գոտի»,-ընդգծել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Ա.Բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ ըստ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ Կոնգրեսի հետ պայմանավորվածության, 2006 թվականին Երեւանում կանցկացվի ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային սեմինար: Իր հերթին հանդես գալով սեմինարին` Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո անհրաժեշտ կլինի հասնել Ռուսաստանի ռազմակայանի դուրս բերմանը Հայաստանից, քանի որ այլ երկրներ եւ կազմակերպություններ նույնպես ցանկություն ունեն տեղակայել իրենց ստորաբաժանումները տարածաշրջանում, եւ այդ հարցի շուրջ պետք է պայմանավորվել»: Բ.Ֆոլը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա «սառեցումը» անընդունելի է: Ըստ նրա, Բաքուն եւ Երեւանը տարբեր դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան հարցում, Հայաստանը ինքնորոշման կողմնակից է, Ադրբեջանը պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Միեւնույն ժամանակ Բրայան Ֆոլը նշել է, որ «Հելսինկիի հռչակագիրը դիտարկում է այդ սկզբունքները որպես հավասարազոր եւ ղարաբաղյան հարցի պարագայում որեւէ փաստարկներ ինքնորոշման սկզբունքի դեմ չկան»: