11 մարտի 2013 - 16:24 AMT
Սայմոն Ֆրեյզեր. Աճում է ՄԹ հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության հանդեպ

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել և կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ և իր այցը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միացյալ Թագավորության կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը: Նախարարը նաև հավելեց, որ վերջին շրջանում հատկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտներում ակտիվություն է նկատվում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին: