12 մարտի 2013 - 16:04 AMT
Ագրարային համալասարանի ռեկտոր է ընտրվել Արշալույս Թարվերդյանը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հնգամյա ծրագիր: Քննարկումից հետո, համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 և 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը: