12 մարտի 2013 - 16:58 AMT
Զարուհի Փոստանջյան. Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայանալ դատարան

Սահմանադրական դատարանում քննվող գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայանալ դատարան: Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին որպես վկա դատարարն հրավիրելու մյուս դիմումատու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությանը:

«Սերժ Սարգսյանի պատասխանը հանրային պատասխան էր և դրան բոլորն էին ծանոթ: Ինչպե՞ս է նա կազմակերպել ընտրությունները: Միգուցե՞ Մուկուչյանը հենց խփելուց է վախեցել ու թույլ է տվել, որ Սերժ Սարգսյանը կազմակերպի ընտրությունները: Սա ուղղղակի ընտրական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է՝ ինքնիրավչություն»,- նկատեց նա:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ եթե փաստերը համադրենք, ապա իրականությանն իսկապես համապատասխանում է, որ ՀՀ-ում ընտրությունները կազմակերպել է հենց Սերժ Սարգսյանը: «Նախ նրա հայտարարությունը ընտրութունները կազմակերպելու մասին, ապա Գեղարքունիքի մարզպետի հրապարակային շնորհակալությունը համայնքապետերին՝ ընտրութուններում լավ աշխատելու համար: Սա շղթա է, որը ապացուցում է, որ, այո, ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: