12 մարտի 2013 - 17:52 AMT
Զ.Փոստանջյան. ՀՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել միջազգային կազմակերպության անվան տակ

Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննության շրջանակներում Զարուհի Փոստանջյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե քանի միջազգային կազմակերպություն է հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այս պահին չի հիշում կոնկրետ թիվը: Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ Տիգրան Մուկուչյանը մոտավորապես թիվ նշի, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ կներկայացնի գրավոր: Զարուհի Փոստանջյանը պնդեց հարցը, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Աստված իմ»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց, որ ԿԸՀ մյուս ներկայացուցիչները բացեն կայքը և տրամադրեն տվյալը, մինչ Տիգրան Մուկուչյանը կպատասխանի մյուս հարցերին: Քիչ անց նա պատասխանեց հարցին և ասաց, որ 12 կազմակերպություն է իրականացրել դիտորդական առաքելություն և թվարկեց դրանք:

«Դուք տեղյակ եք, որ «Ազատ հասարակություն» ինստիտուտ կազմակերպությունը ներառում է ՀՀԿ պատկանելիություն ունեցող մի մարդու՝ Էդգար Հակոբյանին»,- հարցրեց զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել միջազգային կազմակերպության անվան տակ, ինչը հավատ չի ներշնչում: Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ մի շարք միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներին: Նա ասաց, որ Wall Street Journal-ը ևս գրել է, որ «Ազատ հասարակություն» իսնտիտուտ կազմակերպությունը ևս դիտարկել է ընտրությունները: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այս մասով ևս ընտրական գործընթացը հավատ չի ներշնչում:Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչ կազմակերպություն են եղել դրանք, ովքեր են եղել այդ դիտորդները, ԿԸՀ-ում ինչու չեն ուսումնասիրել»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է կազմակերպությանը դիտորդական վկայական տալուն, դա անում է ԿԸՀ-ն: Բնական է՝ քաղաքացիները, ովքեր գնացել են դիտորդ լինելու ունեին երկու վկայական՝ դիտորդ լինելու մասին և որակավորման մասին: Հիմա միջազգային դիտորդները Հայստանում որակավորում չեն անցել, հետևաբար այստեղի վկայական չունեն: Բայց այն դիտորդները , որոնք հրավիրվել են համապատասխան կազմակերպությունների կողմից դրսից ևս ստացել են դիտորդի վկայական՝ որակավորման մասին, բնականաբար, ոչինչ ասել չեմ կարող»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց, որ այդ մասին հավաստի ապացույցներ ներկայացվեն պատասխանող կողմի եզրափակիչ ելույթում: