13 մարտի 2013 - 13:12 AMT
ՀՀ դեսպանությունը բարեգործական համերգ է կազմակերպել Ֆուկուոկայում՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի 2-րդ տարելիցին

Մարտի 11-ին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության և «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի և ցունամիի երկրորդ տարելիցին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառումը մեկնարկեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշեց, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին: «Անցնելով նման սարսափելի փորձությունների միջով` հայ ժողովուրդը խորապես գիտակցում է աղետը ապրածների ցավը և ի սրտե աջակցություն է հայտնում Ճապոնիայի բարեկամ ժողովրդին»:

Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես եկան 2011թ. Ճապոնիայում հիմնված «Ղարիբյան բալետի ակադեմիայի» սաները:

Համերգի ամբողջ հասույթը փոխանցվեց երկրաշարժից և ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին: Միջոցառումը, որին մասնակցեց մոտ 800 հանդիսատես, լուսաբանվեց ճապոնական լրատվամիջոցներով: