13 մարտի 2013 - 14:31 AMT
«Արմավիան» Բեյրութի օդանավակայանից հատուցում կպահանջի թռիչքի հետաձգման համար

«Արմավիա» ավիաընկերության Երևան-Բեյրութ գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել: Ուղևորների մի մասը ստիպված գիշերել է «Զվարթնոց» օդանավակայանում, մի մասը տուն է վերադարձել: Նրանք թռիչքի հետաձգման մասին իմացել են գրանցման ավարտից հետո:

«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան PanARMENIANNet-ի թղթակցին ասաց, որ Բեյրութի օդանավակայանը ապօրինաբար չի ընդունել ավիաընկերության ինքնաթիռը՝ պատճառաբանելով նրա տեխնիկական անսարքությունը: «Մեր ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի, այդ տեղեկությունները սուտ են: Այս պահին այդ հարցով զբաղվում է Քաղավիացիայի գլխավոր վարչությունը»,-ասել է նա:

Նանա Ավետիսովան նաև հավելեց, որ «Արմավիան» հուսով է, որ բոլոր խնդիրներն արագ կլուծվեն և ուղևորները կկարողանան թռչել Բեյրութ, չվերթը նախատեսված է 16:30-ին: «Մենք մտադիր ենք հատուցում պահանջել Բեյրութից»,-ասել է նա: