13 մարտի 2013 - 19:32 AMT
Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշել է Ֆրանկոֆոնիայի տոնը

Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստել էին ծավալուն ծրագիր` նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին, որն ընդգրկում էր կինոփառատոն, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ և վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ, թաթերական բեմադրություններ և հանդիպումներ գրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում հայկական մշակութային կենտրոնում կայացած ասուլիսին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցիարիայի գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաև Մոսկվայում Կանադայի դեսպանությանը կից Կվեբեկի գրասենյակը, Ֆրանսիայի համալսարանական քոլեջը և Ֆրանսիական ինստիտուտը:

Տոնական միջոցառումները սկսվել են փետրվարի 28-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը ներկայացրել է ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունները և համագործակցության ծրագրերը:

Այնուհետ ելույթ են ունեցել Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսները, որոնք իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսությանը և հայկական մշակութային կենտրոնին միջոցառումներին բովանդակալից մասնակցության համար, ինչպես նաև ներկայացրել են իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության գործընթացները և պատասխանել լրագրողների հարցերին:

Ի դեպ, կինոփառատոնին կներկայացվեն «Իմ փոքրիկ իշխան» և «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը: