14 մարտի 2013 - 17:17 AMT
Վան-Երևան-Վան չվերթը կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջության ու բիզնեսի զարգացմանը

Վան-Երևան-Վան ուղիղ չվերթը, որը վերջապես իրողություն դարձավ, նախաձեռնողները կոչել են «Ուխտագնացության տուր»- Pilgrim: Սա Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության, USAID «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը», Հայ-թուրքական զբոսաշրջության ասոցիացիայի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ կողմերի եռամյա աշխատանքի արդյունքն է: Այդ կազմակերպությունները պատրաստ էին կոտրել թուրքական կողմի կարծրատիպերը և գործարար հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Թուրքիայի միջև, մի կողմ թողնելով քաղաքական գործոնը: Ավելին, կանոնավոր ուղիղ չվեթրի բացումը կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջության ու բիզնեսի զարգացմանը, իսկ Հայաստանը պատմական հայրենիքում իր ներկայությամբ ավելորդ անգամ կհիշեցնի թուրքական իշխանություններին հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին:

Վան-Երևան-Վան չվերթի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանում երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ: 1000կմ ցամաքային ճանապարհի փոխարեն, որը 20 ժամ է պահանջում, այսուհետ հնարավոր կլինի 40 րոպեում հասնել Վան ATR 72-500 եվրոպական արտադրության ինքնաթիռով, որը 68 տեղ ունի:

Չվերթը կիրականացնի Narekavan Tour ընկերությունը Borajet թուրքական ավիափոխադրողի հետ համատեղ, որը ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի անդամ է և երաշխավորում է թռիչքների անվտանգությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Ինչ վերաբերում է վիզաներին, ապա հայաստանցի ուղևորները կարող են այն ստանալ Վանի օդանավակայանում 15 դոլարով, միաժամանակ, Վանից Հայաստան ժամանողները կկարողանան վիզաներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ վճարելով 3000 դրամ և մնալ այստեղ 15 օր:

Առաջին չվերթը նախատեսված է ապրիլի 3-ին, հավանաբար, արդեն վաղվանից տոմսերը հնարավոր կլինի ամրագրել:

Լինելու են նաև տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 և 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը և հյուրանոցները։ Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» և թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տևողությունը՝ 40 րոպե, հայտնում է ՀԱԳ(Գ) Մ լրատվական ծառայությունը: