15 մարտի 2013 - 15:10 AMT
Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին

Սույն թվականի մարտի 16-18-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին նախատեսվում է 70 ընկերությունների և շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն:

Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված ջանքերին և զարգացնել ներգնա զբոսաշրջությունը:

Միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: