15 մարտի 2013 - 18:28 AMT
Հայաստանի տարածքում սողանքների կառավարման նոր հայեցակարգը ճապոնացիների մասնակցությամբ է

Այսօր ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ՀՀ ԱԻ նախարարությունում հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրին։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր ամփոփել ՀՀ ԱԻ նախարարության և ճապոնական գործակալության համագործակցության արդյունքները և նախանշել հետագա անելիքները: Յուկիհիկո Էջիրին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում և նրան փոխարինելու է Ֆաուրիչի Յուկոն: Հայտարարվել է «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» նոր հայ-ճապոնական ծրագրի մեկնարկի մասին:

Ս. Ազարյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և Ճապոնիայի կառավարության կողմից 28 նոր հրշեջ մեքենա տրամադրելու համար: ՓԾ տնօրենը նշել է նաև, որ ԱԻ նախարար Ա. Երիցյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՀՀ տարածքում սողանքների կառավարման հայեցակարգ:

Յուկիհիկո Էջիրին հավաստել է, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը ՀՀ ԱԻ նախարարության հետ շարունակական լինի` ընդգծելով, որ նախանշվող ծրագրերում, որոնք հիմնականում կապված են սողանքների կանխարգելման հետ, ԱԻ նախարարությունը լինելու է ճապոնական գործակալության հիմնական գործընկերը։ Ծրագրի մեջ կներառվեն նաև այլ գերատեսչություններ, սակայն ԱԻ նախարարությունը, որպես ծրագրի նախաձեռնող, կհամակարգի մյուս գերատեսչությունների աշխատանքները: Հայտարարվել է «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» նոր հայ-ճապոնական ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նախնական օգնություն սողանքային աղետի կառավարման ոլորտում մասնագետների վերապատրաստման, կառավարման պլանավորման գործընթացների, իրավական դաշտի կատարելագործման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ուսուցման և սողանքավտանգ բնակավայրերում կենցաղվարության մշակույթի ներդրման ուղղությամբ։

Ճապոնական կողմը նշել է, որ 2013 թ. մայիս և հուլիս ամիսներին Հայաստան կգործուղվեն աշխատանքային խմբեր, որոնցից առաջինը կզբաղվի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմամբ, իսկ երկրորդ խումբը հուլիս ամսին հանդիպումներ և քննարկումներ կունենա պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների հետ և կկազմակերպի ծրագրի դիզայնի քննարկումներ: