15 մարտի 2013 - 20:36 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Ես պատրանքի մեջ չեմ, Վիլֆրիդ Մարտենսն է պատրանքի մեջ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին և ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային կոչ է անում ժողովրդավարության դասեր չտալ հայ ժողովրդին, քանի որ ժողովրդավարությունը հայ ժողովուրդն է բերել: Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ:

«Նախագահական ընտրությունների վերաբերյալ շնորհավորական ուղերձով Մարտենսը կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները: Ես պատրանքի մեջ չեմ, նա է պատրանքի մեջ: Մարտենսը թող չզարմանա իմ վերաբերմունքից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտարարեց, որ առաջիկայում «Ժառանգությունը» կվերանայի Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը կլքի ԵԺԿ շարքերը, եթե Վիլֆրիդ Մարտենսի դիրքորոշումը, թե նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, իսկ ընտրությունները չեն կեղծվել, ընդհանուր դառնա ողջ ԵԺԿ-ի համար: