17 հոկտեմբերի 2005 - 15:10 AMT
ԵՄ-ն չափազանց բացասաբար է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման վերաբերյալ հայտարարություններին
Այս շաբաթ Բրյուսել կատարելիք այցի ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՄ միասնական պաշտպանական եւ արտաքին քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ կքննարկի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցեր: Այդ մասին ասել է Խավյեր Սոլանայի մամլո քարտուղար Քրիսթինա Գալաչը: Նա նշել է, որ «Եվրոպական Միությունը մտադիր է խորացնել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ բոլոր ուղղություններով, եւ մենք պետք է օգտագործենք այն հնարավորությունները, որոնք ընձեռում են բարձր մակարդակի այսօրինակ հանդիպումները»: «Մեզ նաեւ հետաքրքրում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը ոչ միայն Հարավային Կովկասում իր անմիջական հարեւանների, այլեւ տարածաշրջանի այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին` ներառյալ Ռուսաստանը», - ասել է Քրիսթինա Գալաչը: Բացի այդ, նա ասել է, որ Եվրոպական Միությունը «չափազանց բացասաբար» է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու հնարավորության մասին ցանկացած հայտարարություններին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը խաղաղ բանակցություններն են: Այնպիսի բառեր, ինչպիսիք «պատերազմն» է, պետք է վճռականորեն մերժվեն», - հայտարարել է Քրիսթինա Գալաչը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: