18 մարտի 2013 - 13:22 AMT
Որևէ մեկը չգիտի, թե Հայաստանում քանի քարանձավ կա

Թե քանի քարանձավ կա Հայաստանում, որևէ մեկը չգիտի, մինչդեռ դրանք կարող են զբոսաշրջային լուրջ այցեքարտ լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Բորիս Գասպարյանը:

«Հայաստանի քարանձավների վիճակը շատ ծանր է»,-իր հերթին հավելեց ասուլիսի մյուս բանախոսը՝ Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը: Նա ասաց, որ քարանձավները զբոսաշրջային նպատակների համար օգտագործելու համար կան եվրոպական չափորոշիչներ, որոնք Հայաստանում ընդունված չեն, բացի այդ, մեր երկրում քարանձավները չեն հսկվում:

«Դրանք պետք է հաշվառել և կազմել անձնագրեր»,-ասաց նա:

Հնագետը հավելեց, որ այսօր Հայաստանի մշակութային ժառանգությունը պահպանելու հետ կապված լուրջ խնդիրներ կան: