18 մարտի 2013 - 13:38 AMT
Ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակում կլինի նաև հասարակական սեկտորը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները փորձել են ավելի մեծ դաշինք կազմել, բայց ամենատարբեր պատճառներով դա չի ստացվել: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 8 օր է հացադուլի մեջ է: Նա հայտնեց, որ «Ժառանգության» ցուցակում կլինեն ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ մարդիկ հասարակական սեկտորից: «Տարբեր կուսակցություններ ունեն իրենց շահերը: Այն ուժերը, որոնք նախկինում գտնում էին, որ ընտրություններին չպետք է մասնակցեն, հիմա վերանայել են իրենց մոտեցումը և մասնակցում են, մենք ևս կմասնակցենք, մեր մասնակցությունը կլինի որոշիչ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության առաջնորդը նշեց, որ ցուցակը կներկայացնեն ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին:

Անդրադառնալով Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այն ՀՀ քաղաքացիներն են նախաձեռնել, արդեն 10 հազար մարդ ստորագրել է, և եթե մարզերում էլ այն շարունակվի, դրանց թիվը կավելանա: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է` ցույց տալու համար, որ պաշտոնական կեղծված արդյունքները որևէ աղերս չունեն ժողովրդի քվեի հետ»,- նշեց նա: